ԱՄՆ դեսպանը խոսել է Արցախի հակամարտության կողմերին խաղաղության նախապատրաստելու մասին

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ (դեսպան) Ջեյմս Գիլմորը Արցախյան հակամարտության համատեքստում մտահոգություն է հայտնել շփման գծում վերջին շրջանում եղած զոհերի կապակցությամբ։ Դա, ըստ նրա, բերում է տեղում և մայրաքաղաքներում լարվածության աճի, և որպես հետևանք՝ անվստահության և թշնամության աճի։

Միաժամանակ, դեսպանը հուսադրող է համարել երկու երկրների առաջնորդների և ԱԳ նախարարների հանդիպումները, որոնք, ըստ նրա, կարող են դրական արդյունքներ տալ։

«Մենք կողմերին կոչ ենք անում պայմանավորվել այս տարվա ընթացքում քննարկվող կոնկրետ միջոցների վերաբերյալ, հումանիտար և անվտանգային կոնկրետ միջոցների, որպեսզի [դրանք] երկու երկրների բնակչություններին նախապատրաստեն խաղաղության և նվազեցնեն լարվածությունը»,- ասել է դեսպանը։