«Կենտրոն» ՀԸ-ի լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, նրանց քաշքշելու, տեսանկարահանման իրականացմանը խանգարելու, տեսախցիկի լուսավորության սարքավորումը վնասելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

««Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրող Արթուր Հակոբյանի կողմից տրված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով 2019 թ. դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղի ձկնաբուծարանում ծավալվող իրադարձությունները նկարահանելիս և լուսաբանելիս անծանոթ անձանց կողմից նրա և նույն հեռուստաընկերության օպերատոր Սիմիկ Մայիլյանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, նրանց քաշքշելու, տեսանկարահանման իրականացմանը խանգարելու, տեսախցիկի լուսավորության սարքավորումը վնասելու դեպքի առթիվ, ՀՀ Արարատի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- գրել է Գոռ Աբրահամյանը: