Լարս տանող ճանապարհին կուտակված մեքենաների ուղևորներին ուտելիք են բաժանել

Վրաստանի Դուշեթիի շրջանում՝ Լարս տանող ճանապարհին, մեքենաների և բեռնատարների կուտակում կա: Ուղևորներին և վարորդներին ուտելիք և ջուր են բաժանել: Այս մասին «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշել է Դուշեթիի քաղաքապետ Զուրաբ Սեխնիաշվիլին:

Սեխնիաշվիլին հայտնել է, որ արդեն երեք օր է` մեքենաները կանգնած են ճանապարհի այդ հատվածում: Դուշեթիի քաղաքապետարանը վարորդներին և ուղևորներին տաք ուտելիք, հաց և ջուր է բաժանել:

«Երեք օր ՝ ինչ այստեղ են: Տարածքում մոբիլիզացված են բոլոր համապատասխան ծառայությունները, այդ թվում շտապօգնության ծառայությունից»,- ասել է քաղաքապետը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 838 տրանսպորտային միջոց՝ 720 բեռնատար և 118 մարդատար ավտոմեքենա: