Սպիտակցի Հայկոյի վերաբերյալ քրգործը կարճվել է. Hraparak.am

Երգիչ Սպիտակցի Հայկոյի վերաբերյալ քրեական գործը, որն առնչվում էր 2018թ. դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած կրկնակի վրաերթին, կարճվել է։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Բալոյանը։

«Հայկ Ղևոնդյանը տվյալ վրաերթի մեջ անմեղ է, մահն էլ պատճառվել է առաջին մեքենայի հարվածի հետևանքով։ Հայկ Ղևոնդյանն անմեղ է և մահվան մեջ, և´ վրաերթի մեջ, գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով»,- հայտնել է նա։

Հարցին՝ անցած տարի երգչի մասնակցությամբ հայտնի ծեծի միջադեպով գործ հարուցվե՞լ է, փաստաբանը տվել է բացասական պատասխան:

Նշենք, որ Հայկարամ Ղևոնդյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածի հատկանիշներով՝ վրաերթի հետևանքով ասֆալտին ընկած հետիոտնին վրա անցման ենթարկելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք` դեկտեմբերի 14-ին Երևանի Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի հարևանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկելու փաստով Սպիտակցի Հայկոն հարցաքննվել է որպես վկա:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։