ՀՔԾ քննիչն առարկություն է ներկայացրել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխելու ցուցումի դեմ. Armtimes.com

Հատուկ քննչական ծառայության քննիչն առարկություն է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով հսկող դատախազի ցուցումի դեմ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Հսկող դատախազը, հիշեցնենք, ցուցում էր տվել առաջադրված մեղադրանքները փոփոխելու և նոր մեղադրանքներ առաջադրելու վերաբերյալ:

Մասնավորապես, Դատախազությունը գտել էր, որ Բաբլոյանին պետք է մեղադրանք առաջադրվեր ոչ թե Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ Արսեն Բաբայանին՝ ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալուն օժանդակելու, այլ դարձյալ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Առաջադրված մյուս մեղադրանքի՝ պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ, դատախազն անհամաձայնություն չուներ:

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ ՀՔԾ քննիչի առարկությունն ստացել են, եւ այն այժմ քննարկման փուլում է:

Նշենք, որ դատախազը երկրորդ անգամ չէր հաստատել մեղադրական եզրակացությունը, եւ գործն ուղարկվել էր ՀՔԾ՝ լրացուցիչ նախաքննության: