«Հրազդան» ԲԿ տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով. Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով «Հրազդան» ԲԿ տնօրենի ազատումը:

««Հրազդան» ԲԿ տնօրենի ազատումը պայմանավորված է առանձնապես խոշոր չափի ֆինանսական չարաշահումներով: Կադրային բանկի բացակայություն, ստվերային փաստաթղթաշրջանառություն, անկայուն ֆինանսատնտեսական իրավիճակ, նյութատնտեսական պարագաների ապօրինի դուրսգրում և իրացում: Հիշեցնեմ, որ 2019 թվականի սեպտեմբեր ամսին, Կոտայքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից մշակվել է գործողությունների ծրագիր՝ «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում արձանագրված խախտումների վերացման և ընկերության գործունեության առողջացման ուղղությամբ:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրեն Լիլիա Կարապետյանը և գլխավոր հաշվապահը 2019 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ԲԿ-ի դրամարկղից յուրացման կամ վատնման եղանակով հափշտակել են շուրջ 14. 810.000 հազար ՀՀ դրամ:

2019 թվականի դեկտեմբերի 12-ին Լիլիա Պուշկինի Կարապետյանը իմ որոշմամբ ազատվել է աշխատանքից:
Փաստի առթիվ կատարած չարաշահումների վերաբերյալ իմ կողմից 2019 թվականի դեկտեմբերի 13-ին հաղորդում է ներկայացվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության Կոտայքի մարզային վարչությանը:

Փաստի առթիվ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 214-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: