Որո՞նք են «Մյունխենյան սկզբունքները». հարց ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանավեճին ու դրա հետ կապված քննադատություններին: Նախարարին խնդրեցին գնահատել այդ հանդիպման արդյունքները և մեկնաբանել՝ ինչ ասել է «Մյունխենյան սկզբունքներ», արդյո՞ք դրանք փաստաթղթի տեսք ստացել են, և արդյո՞ք նախկին սկզբունքները չեղարկվել են:

«Դրանք ավելի համապարփակ կերպով արտահայտում են այն, ինչի մասին խոսվեց Մյունխենում, այնտեղ չի արտահայտվել որևէ բան, որը վերաձևավորում է մեր ձևավորված մոտեցումները ԼՂ հակամարտության կարգավորման ընդհանուր փաթեթի մեջ: Արդյո՞ք կարգավիճակի հարցն անտեսվում է. ո´չ, չի անտեսվում, չի կարող անտեսվել, անտրամաբանական է նման կերպ գնահատել, մեր դիրքորոշումը մնում է կայուն: Մյունխենյան սկզբունքները համալրում են այն մոտեցումները, որ կայուն են ու ունեն իրենց արտահայտությունը բոլոր հնարավոր ձևաչափերով, Հայաստանը եղել և մնում է խստորեն հավատարիմ հարցի խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, և այդ շրջանակներում շարունակելու ենք աշխատել այնպիսի լուծումների համար, որ արտահայտված են նաև Մյունխենյան սկզբունքներում»,- ասաց նախարարը:

Հանդիպման արդյունքներին անդրադառնալով՝ Մնացականյանը նշեց, որ ղեկավարներն են գնահատել՝ ինչպես կուզեն ներգրավվել այս ձևաչափի մեջ, սակայն երևույթը դրական է, որ կարող են նստել և բաց զրույցով ղեկավարների մակարդակով քննարկել հարցեր:

«Դա նշանակություն ունի մեր աշխատանքի այն կարևոր ուղղության մեջ, որ վերաբերում է միջավայրի ձևավորմանը, որտեղ անցյալ տարի ունեցել ենք որոշ համեստ արդյունք, որը լրագրողների փոխանակման ծրագիրն էր: Դա մեզ հիմք տալիս է ենթադրելու, որ կարող ենք շարունակել այս ուղղությամբ աշխատել, ինչ վերաբերում է ղեկավարներին, կարծում եմ՝ այն փաստը, որ ղեկավարները միասին բաց ֆորմատում կարող են նստել և առնչվել միմյանց, լավ օրինակ է, այստեղ կա որոշ մտահոգիչ խնդիր, որ վերաբերում է գուցե մեր համակարգերի տարբերությանը: Այն մեկնաբանությունները, որ տեսա ադրբեջանական մամուլում կամ տարբեր պաշտոնյաների կողմից, որոնք պրոպագանդիստական ծայրահեղ մակարդակի են հասցված, որ հիշեցնում էին մոդելներ, որ ժողովրդավարական կամ ազատ քննարկման համակարգի բացակայության արտահայտություն են, դրանք, մեղմ ասած օգտակար չեն, ավելի պարզ ասած՝ անընդունելի են»,- նշեց նա:

Մնացականյանն ընդգծեց՝ ուրախ է, որ հայ հասարակության մեջ կա շատ ավելի բաց քննարկում, որում կարող են գնահատել այս կամ այն իրադարձությունը կամ զարգացումը: