Էդմոն Մարուքյանին սպառնալու փաստով հարուցվել է քրեական գործ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու վտանգ է եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին խորհրդարանում հրավիրված ասուլիսին Էդմոն Մարուքյանը հայտարարել էր իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին։

«Զգուշացնում եմ, այ գյադա, շուտով գնդակները որոտալու են, նայի չդիպչի…»,- ասել էր Մարուքայնը՝ սպառնալիքներից հատված հրապարակելով։ Իրեն ուղղված սպառնալիքների վերաբերյալ Մարուքյանը գրավոր դիմել էր գլխավոր դատախազին։ Դատախազությունը Էդմոն Մարուքյանի գրությունն ուղարկել էր ոստիկանության 6-րդ վարչություն՝ որպես հանցագործության մասին հաղորդում։