Կորոնավիրուս է ախտորոշվել նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեի մոտ

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:

Ֆեյսբուքյան իր էջում քաղաքական գործիչը գրել է, որ մարտի 16-ին ինքը Covid-19-ին բնորոշ ախտանշաններ է նկատել իր մոտ՝ հոգնածություն, թուլություն, բայց ոչ ջերմություն:

Բուայեն դիմել է բուժհաստատություն, թեսթի պատասխանը դրական է եղել:

«Ես նախազգուշացրի իմ մտերիմ շրջապատին: Միաժամանակ, համաձայնել եմ փորձարարական բուժում անցնել պրոֆեսոր Դիդյե Ռաոյի մոտ: Ուրբաթ օրը ես որոշում կայացրի տեղը զիջել ավելի լուրջ հիվանդներին, բուժումս կանցնեմ տանը՝ հետևելով բժիշկների խորհուրդներին»,-գրել է Բուայեն:

Պատգամավորի խոսքով՝ տանը բուժման ընթացքում ինքը պարտադիր կերպով դիմակ է կրում, հաճախակի լվանում է ձեռքերը, պահպանում սահմանված հեռավորությունը մտերիմներից:

Վալերի Բուայեն նաև շնորհակալություն է հայտնել բժիշկներին անձնուրաց աշխատանքի համար: Նա գրել է նաև, որ նկատել է ֆրանսիացիների հոգատարությունը միմյանց նկատմամբ, նաև սոցիալական պատասխանատվությունը:

«Պետք է ապրել մեկը մյուսի համար, այլ ոչ թե մեկն ընդդեմ մյուսի»,- գրել է նա: