Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը հայտնել է կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման հնարավոր ժամկետները

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը հայտնել է պատվաստանյութի ստեղծման հնարավոր ժամկետները:

«Կարծում եմ՝ մենք պետք է իրատես լինենք: Պատվաստանյութերի մշակման, փորձակման, դրանց արդյունավետությունն ապացուցելու համար երկար ժամանակ է հարկավոր: Բացի այդ, պետք է այնքան պատվաստանյութեր արտադրել, որ բոլորին բավականացնի: Խոսքն առնվազն 1 տարվա մասին է: Բայց դա չի նշանակում, որ մենք անօգնական ենք, մենք շատ բան կարող ենք անել, որպեսզի այս պահին կանգնեցնենք հիվանդությունը և կյանքեր փրկենք»,- ասել է Մայքլ Ռայանը:

Ռայանը նաև նշել է, որ հարկավոր է հանրային առողջության բնագավառում լուրջ միջոցներ ձեռնարկել, այլապես տեղաշարժման սահմանափակումների ավարտից հետո հիվանդությունը կրկին մեծ տարածում կունենա:

ԱՀԿ-ի գործադիր տնօրենը նաև ասել է, որ սա ծերերի հիվանդություն չէ, և կորոնավիրուսով վարակվում են նաև երիտասարդներն ու միջին տարիքի մարդիկ, ուստի հարկավոր է զգույշ լինել: