Մենք մարդկանց ասում ենք՝ նստեք տանը, մենք գալիս ենք գործի, սոցիալական հեռավորությունը չենք պահպանում. Մարուքյան

Ազգային ժողովն այսօր` մարտի 24-ին, սկսել է իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստը սկսվեց Լիլիթ Ստեփանյանի ծննդյան տարեդարձը շնորհավորելով:

Օրակարգում ընդգրկված է 25 հարց, որից 14-ը քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց քվորում չապահովել և նիստերը հետաձգել:

«Կարծում եմ՝ քառօրյա նստաշրջանը հիմա գումարելով վատ օրինակ ենք ծառայում: Ես առաջարկում եմ քննարկել և ԱԺ-ում մնալ միայն խորհրդի անդամներով, հիմա չհաստատենք օրակարգը և այդ ճանապարհով նիստերը չիրականացնենք, առավել ևս, որ հրատապ նախագիծ չունենք։ Աշխարհի խորհրդարանները հիմա գործում են միայն այն դեպքերում, երբ արտակարգ դրության վերաբերյալ կամ տնտեսությունը փրկելու վերաբերյալ հարցեր են քննարկում, անհրաժեշտության դեպքում մենք արագ կհավաքվենք», – ասաց Մարուքյանը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չհամաձայնեց՝ նշելով, որ կյանքը շարունակվում է, և արտակարգ դրության ռեժիմը կարող է ավելի երկար տևել, նույնիսկ մեկ տարվա մասին է խոսք գնում: Առաջարկեց առաջարկն օրենսդրական նախաձեռնության տեսքով ներկայացնել, եթե ցանկանում է քննարկման դնել, սակայն Էդմոն Մարուքյանը նշեց, որ դրա անհրաժեշտությունը չկա:

«Իմ մոտեցումը հետևյալն է, որ կյանքը շարունավում է, և որպես օրինակ՝ պետք է ոչ թե նստենք տանը, այլ շարունակենք մեր աշխատանքը: Հանձնաժողովներն աշխատում են զտել ամենակարևոր հարցերը, և հիմա քննարկելու ենք այն հարցերը, որոնք հանձնաժողովներն առաջնային են համարել: Չգիտենք՝ արտակարգ դրությունը երբ կավարտվի, կարող է շարունակաբար երկարել, խոսում ենք ամիսների կամ նույնիսկ տարվա մասին, մենք այդ ռեժիմով չենք կարող մեկ տարի չաշխատել և պետք է երկրի համար անհրաժեշտ գործունեությունը ծավալենք»,- նշեց Միրզոյանը:

Մարուքյանն էլ ավելացրեց, որ օրենսդրական նախաձեռնության կարիք չկա, խոսքը քաղաքական պայմանավորվածության գալու մասին է, քանի որ վատ օրինակ են ծառայում:

«Մենք մարդկանց ասում ենք՝ նստեք տանը, մենք գալիս ենք գործի, սոցիալական հեռավորությունը չենք պահպանում, դիմակներ չենք օգտագործում, նույն ամբիոնից խոսում ենք, նույն բռնակներին ձեռք ենք տալիս, առաջարկում էի հետաձգել նիստերը մինչև խստացված ռեժիմն անցնի», – ընդգծեց Մարուքյանը:

Հիշեցնեք, որ որոշվել է նիստերն ավարտել հնարավորինս արագ՝ հաշվի առնելով արտակարգ դրությունը և այն հանգամանքը, որ դահլիճում մեծ թվով մարդիկ են ներկա լինում: