Մեկանգամյա օգտագործման պլաստիկը կարգելվի

Խորհրդարանը քննարկում է «Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022-ի հունվարի 1-ից արգելել առևտրի իրականացման վայրերում և առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը և իրացումը` բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածը: Նախագիծը ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Նախագիծը երկար քննարկվել է կառավարության, նաև այս գործունեությամբ զբաղվող 44 արտադրողների և իրացման ցանցերի հետ: Առաջին փուլում ենթադրվում էր որ նախագիծը երկու փուլով կներկայացնենք: Ենթադրվում էր, որ առաջին փուլում վճար կսահմանվեր և երկրորդով արդեն արգելք կսահմանվեր, բայց քանի որ երկար ճանապարհ անցավ և այն խնդիրը, որ դրել էինք` վճարից մինչև արգելք, նաև հասարակության վարքի փոփոխության դրսևորումներ ունեցանք, արդեն անցել ենք: Այսօր բավականին տարածված է բազմակի օգտագործման պարկերի օգտագործումը, հետևաբար՝ նախագծով առաջարկում ենք 2022-ի հունվարի 1-ից արգելել, իսկ այս ժամանակահատվածում այս ոլորտում գործունեություն ծավալող տնտեսություններին հնարավորություն տալ վերապրոֆիլավորվելու և դիրքավորվելու նոր ձևավորվող շուկայում, դա կլինի կենսաքայքայվող պլաստիկի արտադրություն, թուղթ, պարկեր, թե այլ բան»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այս ոլորտում գործունեություն ծավալողները մրցակցային առավելություն կստանան նաև ԵԱՏՄ շուկայում:

Պատգամավոր Գևորգ Պապոյանը խնդրեց պարզաբանել, թե ինչ է նշանակում մինչև 50 միկրոն հաստությունը, արդյոք խոսքը մեզ ծանոթ տոպրակների մասին է: Ի պատասխան՝ նախարարը պարզաբանեց, որ խոսքը մեզ ծանոթ սուպերմարկետներում և առևտրի ցանցում վաճառվող տոպրակների մասին է, որոնք բոլորն էլ 50 միկրոնից ցածր են, այսինքն՝ բազմակի օգտագործումները ավելի շատ են, և այս նախագծով արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկը:

«Ավելի քան 120 երկրում այս պահին այս կամ այն կերպով իրականացվում են պլաստիկի արգելման գործողություններ, քանի որ ֆիզիկական աղտոտումից բացի՝ պլաստիկի քայքայման հետևանքով այդ միկրոպլաստիկը մտնում է նաև սննդային շղթա, կան կենդանիների, թռչունների, նույնիսկ ձկների մեջ, և ունեն որոշակի կանցերոգեն հատկություններ: Ամբողջ աշխարհը գնում է մեկանգամյա պլաստիկի արգելման ուղղությամբ»,- պարզաբանեց նախարարը:

Էրիկ Գրիգորյանը նաև ասաց, որ հաջորդ փուլում կանդրադառնան շշերին, իսկ ԱԺ նախագահին արդեն դիմել է խորհրդարանում պլաստիկ շշերը փոխարինել ապակյա շշերով: