Ունենք կորոնավիրուսով վարակված բուժքույր, մեկ բժիշկ և շտապօգնության մեկ վարորդ. Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հաստատել է, որ բուժաշխատողների շրջանում, բացի բուժքրոջից, կան վարակվածության այլ դեպքեր:

«Դժբախտաբար կան, բուժքրոջ վիճակը վստահ եմ, լավ է, իսկ եթե լիներ վատ, հաստատ կիմանայի, ունենք ևս մեկ բժիշկ, ունենք շտապօգնության վարորդ վարակված, ինչքան էլ փորձում ենք պաշտպանել, միևնույն է, շատ են շփվում վարակված անձանց հետ»,- ասել է նախարարը:

Թորոսյանը նշել է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Լրևգրողները հարցրել են նաև, թե Էրեբունու և Չարենցավանի արտադրամասերի օջախների բոլոր անձինք բացահայտվա՞ծ են.

«Չեմ կարող պնդել, բայց կարող եմ ասել, որ մի քանի հարյուր անձ է մեկուսացել այդ երկու արտադրամասերի շփումներից, ինֆորմացիան անընդհատ փոխվում է, երեկ 140 հոգի մեկուսացվել է Էրեբունու արտադրամասից, ևս մի 100 հոգի ուրիշ արտադրամասից, մենք շարունակում ենք, քանի դեռ ունենք կասկած, ու ռեսուրս նրանց պահելու»: