Հայաստանում այսօր նշում են քաղաքացու օրը

Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: 2019 թվականի մարտի 21-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, որոնցում առաջարկվել է սահմանել Քաղաքացու օրը՝ որպես նոր տոն:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել էր, որ տոնի անհրաժեշտությունը «պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրադարձություններով և դրան հետևած թավշյա հեղափոխությամբ[2]: Ըստ Զեյնալյանի, ելնելով սոցիալ–տնտեսական, իրավական և քաղաքական բազմաթիվ խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունից, հազարավոր քաղաքացիներ օրեր շարունակ բողոքի ակցիաներ և երթեր են անցկացրել` իշխանությունների առջև դնելով իրենց պահանջները:
2019 թվականի ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որի արդյունքում «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի նոր 4.1 հոդվածը սահմանել է Քաղաքացու օր տոնը: Համաձայն այդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը:
Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը: