«Կինստագրամ»-ից Դիանա Տոռեսի ձեռքբերումներն ու երկրպագուների արձագանքը

«Կինստագրամ» սիթքոմն իր հետ բերեց ոչ միայն նոր ու զվարճալի պատմություն հայկական եթերին, այլեւ նոր կերպարներ, նոր դեմքեր, որոնք արդեն հասցրել են սիրվել ու ունենալ իրենց լսարանը: Սիթքոմի ամենաքննարկված կերպարը, թերեւս, Մերին էր, որին մարմնավորել է դերասանուհի Դիանա Տոռեսը: Սիթքոմի մեկնարկին Դիանան հայ հեռուստադիտողին թեեւ անծանոթ էր, բայց կարճ ժամանակում կարողացավ գրավել նախագծի երկրպագուների ուշադրությունն ու դառնալ ամենասիրելի կերպարներից մեկը:

Դերասանուհին անկեղծորեն խոստովանեց, որ սկզբում չէր սպասում, որ իր կերպարն այդքան բուռն արձագանքներ կստանա, եւ շատ ուրախ է, որ այն սիրվել է.

«Սիթքոմի մեկնարկից ի վեր միայն դրական մեկնաբանություններ եմ ստանում, որոնք շարունակվում են նաեւ այսօր, ինչը շատ հաճելի է: Դրա համար շնորհակալ եմ բոլորին»,-ասում է նա:

Անդրադառնալով իր վառ շիկահեր հերոսուհու հաջողությանը՝ Դիանան հավելում է.
«Ինձ թվում է, որ բացի վառ լինելուց՝ Մերին շատ բարի, դրական ու ծիծաղաշարժ կերպար է, այդ պատճառով էլ սիրվել է։ Նրա հետ կապված վատ մեկնաբանությունները հիմնականում վերաբերում էին միայն նրա շատ շպարված լինելուն, որ շատ արհեստական է, անբնական եւ այլն: Նամակներն, առհասարակ, շատ-շատ են. այդքանը հնարավոր չէ կարդալ (ծիծաղում է)»:

Սիթքոմում Դիանայի հերոսուհին հայտնվում է բոլոր տղամարդկանց ուշադրության կենտրոնում: Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք որպես դերասանուհի իր երկրպագուների մեջ գերակշռում են արակա՞ն, թե՞ իգական սեռի ներկայացուցիչները:
«Երկրպագուներիս շարքում կան նաեւ շատ աղջիկներ։ Մի շարք ֆան էջեր ունեմ, որոնք շատ ակտիվ են համացանցում եւ գեղեցիկ նկարներ ու հրապարակումներ են պատրաստում, որպեսզի գրավեն իմ ուշադրությունը»,-ասում է դերասանուհին, որն ուշադիր է բոլոր երկրպագուների նկատմամբ:

Դիանան նշում է՝ «Կինստագրամը» բացի լայն լսարանից, իրեն այլ հաջողություններ էլ է տվել.

«Այս նախագիծն ինձ շատ մեծ փորձ տվեց։ Այն ինձ հնարավորություն ընձեռեց աշխատել պրոֆեսիոնալ թիմի հետ, որոնցից շատ բան սովորեցի։ Ծանոթացա հիանալի մարդկանց հետ»։
Այսօր էլ դերասանուհին ունի նկարահանման նոր առաջարկներ, սակայն ասում է՝ դրանք դեռ քննարկման փուլում են:

Ի դեպ, հումորային կերպաով հայտնի դարձած Դիանան հավելում է՝ «Շատ կցանկանայի նաեւ ավելի դրամատիկ կերպարով հանդես գալ»։

Tags