Ճապոնական կիմանոյի գաղտնիքները .«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ճապոնական ավանդական տարազը, որը բոլորին հայտնի է կիմանո անվամբ (բառացիորեն թարգմանված՝ «հագուստ»), գոյություն է ունեցել դարեր շարունակ: Սկզբնապես ճապոնացիները կրել են կանեփի թելից պատրաստված պարզ հագուստ, որը նման է եղել երկար պոնչոյի և գոտկատեղին ունեցել է գոտի: Դա եղել է Ձյումոնի դարաշրջանում: Այդ հագուստը հարմար է եղել տաք ամառների համար, իսկ ձմռանը այն լրացվել է նմանատիպ հագուստի այլ շերտերով:

Մինչև մ.թ.ա առաջին հազարամյակի սկզբը մայրցամաքային նորաձևության ազդեցության տակ Ճապոնիայում հայտնվել են կորեամանչժուրական տեսակի հագուստներ։ Երբ 5-րդ դարում ճապոնացիները սկսել են Չինաստանի հետ առևտրային հարաբերություններ զարգացնել, իրենց մայրցամաքային այդ հարևանից փոխառել են «հանֆույ» կոչվող չինակական ավանդական հագուստը, որն էլ հենց դարձել է կիմանոյի նախատիպը:

Աստիճանաբար արտասահմանյան նմուշները պատճենած այդ հագուստը սկսել է ստանալ իր ուրույն ճապոնական ոճը: Ճապոնական կիմանոյի հիմնական պահանջները, ներառյալ նորաձևության և գեղեցկության չափանիշները, ձևավորվել են Հեյանի դարաշրջանում (794 - 1185): Մուրոմատի դարաշրջանում (1392-1573) կոսոդե-կիմանոն, որը առաջ համարվում էր ներքնազգեստ, սկսել են կրել առանց հակամա տաբատի, դրա համար հայտնվել է կոսոդեյի- օբի գոտին։

Էդո դարաշրջանում (1603-1867) կիմանոյի թևքերի երկարությունը մեծացել է, օբի գոտին ավելի լայն է դարձել, հայտնվել են այն կապելու տարբեր ձևեր։ Այդ ժամանակվանից կիմանոյի տեսքը գրեթե անփոփոխ է մնացել։ Եթե արևմտյան նորաձևության պատմությունը դրսևորվել է որպես փոփոխվող ուրվագծերի մի շարք, ապա կիմանոյի պատմությունը ավելի շուտ ձևերի և երանգների գունապնակ է, որն ունի ձևի անփոփոխության կանոն:

Ճապոնական կիմանոյի դիզայնի հիմքում ընկած է ուղղանկյունը, իսկ ընդհանուր ձևը նման է «T» տառին: Նման հագուստը համատեղում է տեսքի պարզությունը նրբագեղության և գործածականության հետ, քանի որ ազատ «նստած» հագուստը չափազանց հարմարավետ է Ճապոնիայի խոնավ և տաք կլիմայի պայմաններում: Ճապոնական հագուստը նաև տեղեկացնում է իր սեփականատիրոջ հարստության, զբաղմունքի, տարիքի և նախասիրությունների մասին: Կիմանոյի տեսքի կանոնի հաստատումից ի վեր այդ հագուստի գունային համակցությունների մոտ 200 օրենք է մտցվել: Ճիշտ է, ժամանակի ընթացքում խիստ կանոնները պարզեցվել են, բայց պատկերի և գույնի համադրությունը՝ կապված տարվա, իրադարձության և կրելու վայրի հետ, դեռևս մեծ նշանակություն ունի:

Ավանդաբար պարտադրված է ձմռանը (Ճապոնիայում այն նոյեմբերից փետրվարն է) կրել արտաքինից սպիտակ, իսկ ներսից կարմիր գույների կիմանոներ, գարնանը (մարտ և ապրիլ)՝ նարդոսի գույնի կիմանո՝ կապույտ երեսպատմամբ, ամռանը ավանդական կարմիր կիմանոն է հարգի: Հագուստի վրայի պատկերը ևս պետք է համադրվի սեզոնի հետ, անհնար է պատկերացնել, օրինակ՝ ծաղկող սակուրայի պատկերը ձմեռային կիմանոյի վրա: Կախարդական իմաստ է տրվում հագուստի ձախ և աջ կողմերին: Ճապոնիայում ձախ կողմը կապվում է կյանքի, իսկ աջ կողմը՝ մահվան հետ, ուստի մարդիկ կիմանոյի աջ մասը ծածկում են ձախ մասի փեշով, իսկ ահա հանգուցյալին հագցնում են աջ թևով ձախը ծածկած կիմանո:

19–րդ դարի երկրորդ կեսին՝ Մեյձի դարաշրջանում, արևմտականացումը հանգեցրել է ճապոնական հագուստի հեղափոխության: Եվրոպական նորաձևությունը սկսել է դուրս մղել ճապոնական ավանդական զգեստը։ Հասարակ ճապոնացիների ապրելակերպի «ամերիկանացումը» հանգեցրել է նրան, որ կիմանոն դուրս է մղվել առօրյա կյանքից։ Ներկայումս ճապոնական ավանդական հագուստը հիմնականում օգտագործվում է միայն տոների և պաշտոնական միջոցառումների ժամանակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում