Սպասվող փոփոխություններ Սահմանադրությունում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թերևս փետրվարին ձևավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ակտիվ աշխատում է, սակայն մինչև այժմ որևէ փաստաթուղթ առկա չէ: Դրա փոխարեն մասնագիտական հանձնաժողովն արդեն երկու անգամ հանրային քննարկում է անցկացնել և շարունակում է քննարկումները նաև մասնագիտական հանձնաժողովի ձևաչափով: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած քննարկված ու համաձայնություն ստացած կետեր կան, սակայն էական հարցերի շուրջ մասնագիտական հանձնաժողովի անդամները դեռ չունեն միասնական մոտեցում: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջին և գլխավոր հարցերից մեկը, որի շուրջ կարողացել են արդեն համաձայնության հասնել, կառավարման մոդելի հարցն է, և որոշում է կայացվել, որ Հայաստանում կառավարման մոդել չի փոխվելու: Այսպիսով, 2015 թվականին ընտրված խորհրդարանական հանրապետության մոդելը կպահպանվի, սակայն դրա փոխարեն արդեն որոշվել է, որ կհանվի բոնուսների միջոցով խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու դրույթը: Սակայն, մեր տեղեկություններով, այս հարցի վերաբերյալ որոշումը հեշտ չի ստացվել, և շատերն այն ռիսկային են համարել, սակայն կարծիք է հնչել, թե հենց դա է բխում խորհրդարանական մոդելի տրամաբանությունից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նոր Սահմանադրությամբ վերանայվելու են նաև հանրապետության նախագահի լիազորությունները, քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը հենց մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը դժգոհել էր իր սակավ լիազորություններից, սակայն հանձնաժողովը դեռ չի որոշել՝ ինչ են ավելացնելու նախագահի լիազորություններում: Այս որոշումները մասնագիտական հանձնաժողովի անդամները հեշտությամբ են կատարել, սակայն, մեր տեղեկություններով, նրանք չեն կարողանում համաձայնության հասնել դատական իշխանությանն առնչվող փոփոխությունների շուրջ: Եվ վիճահարույց է հատկապես Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները միավորելու հարցը: Սա էլ եղել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, սակայն տեղեկացանք, որ քննարկումների արդյունքում կարծիքները տարբեր են եղել: Այդուհանդերձ, հանձնաժողովը նախատեսում է հոկտեմբերին հրապարակել նախնական հայեցակարգը, իսկ արդեն 2021 թվականի հունիսին՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը»: