Սահմանափակումներ Հոնկոնգում. Covid-19

Հոնկոնգում այսօրվանից նոր սահմանափակումներ են կիրառվելու՝ պայմանավորված կորոնավիրուսի աճով: BBC-ի փոխանցմամբ՝ Հոնկոնգի ղեկավար Քերի Լեմը նախազգուշացրել է, որ քաղաքի հիվանդանոցները կարող են չհաղթահարել հիվանդների թվի աճը:

«Քաղաքը մեծածավալ բռնկման շեմին է, ինչը կարող է հանգեցնել մեր առողջապահական համակարգի կոլապսի և կյանքեր խլել, հատկապես տարեցների շրջանում», – ասել է Հոնկոնգի ղեկավարը:

Քերի Լեմը նաև քաղաքի բնակիչների կոչ է արել «խստորեն պահպանել սոցիալական հեռավորությունը և հնարավորինս շատ մնալ տանը»:

Վերջին օրերին Հոնկոնգում օրական 100-ից ավելի նոր դեպք է արձանագրվում, մինչդեռ շաբաթներ առաջ նոր դեպքերի թիվը 10-ից պակաս էր: Կորոնավիրուսից ընդհանուր մահերի թիվը հասել է 23-ի:

Ըստ նոր սահմանափակումների՝ պարտադիր է դառնում բոլոր հանրային վայրերում դիմակ կրելը, փակվում են ռեստորանների ներսի սրահները, բարերը, մարզասրահները, գեղեցկության սրահները, արգելվում են 2-ից ավելի մարդկանց հավաքները:

Հուլիսի սկզբին Հոնկոնգում թույլատրվում էր մինչև 50 հոգով հավաքների անցկացումը, այնուհետև այդ թիվն իջեցվեց 4-ի, այժմ՝ 2-ի: