Բանկային համակարգը նորից կանգնելու է աննախադեպ ցնցումների հավանականության առջև. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջիկայում, ըստ ամենայնի, շարունակություն կստանա Հայաստանի բանկային պատմության համար աննախադեպ համարվող՝ «Գ. Աֆանդյանն ընդդեմ IDBank-ի» դատական գործընթացը։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ նոր զարգացումներ են հնարավոր: Այս գործով արդեն 4 անգամ տարբեր ատյաններում վճիռներ են կայացվել։ Վերջինը Վերաքննիչ դատարանում էր, որը որոշեց մերժել Աֆանդյանի պահանջն ու բանկից 22 միլիոն դոլար չբռնագանձել։ Բայց գործարարը չի համակերպվում այդ վճռի հետ և դիմել է Վճռաբեկ դատարան։

Իսկ սա նշանակում է, որ շատ շուտով բանկային համակարգը նորից կանգնելու է աննախադեպ ցնցումների հավանականության առջև։ Ուշագրավ է, որ վերջին մեկ տարվա ընթացքում այս թեմայի շուրջ բավական մեծ աղմուկ էր բարձրացել լրատվամիջոցներում՝ ամենատարբեր, շատ դեպքերում՝ խիստ աղմկահարույց փաստերի հրապարակմամբ։ Եթե համախմբենք տարբեր լրատվամիջոցների հրապարակումները, ապա հետաքրքիր փաստեր կարող ենք գտնել: Մասնավորաբար, Գ. Աֆանդյանը համարվում է «սնանկությունների արքա». նրա կողմից հիմնադրված գրեթե բոլոր ընկերությունները սնանկացել են կամ գտնվում են սնանկացման փուլում։

Դրանցից հանրությանն առավել գայտնի դրվագներից է «Սթար» սուպերմարկետների ցանցի սնանկացումը։ Մամուլը նաև տեղեկացնում է, որ Աֆանդյանը մշտապես խիստ ազդեցիկ հովանավորներ է ունեցել: Նշվում են տարբեր անուններ, այդ թվում՝ թե՛ նախկին, թե ներկա պաշտոնյաների: Ի դեպ, Գ. Աֆանդյանը ՀՀ երևի թե միակ գործարարն է, որը (ինքն անձամբ և իր հետ փոխկապակցված ընկերությունները) դատական վեճեր ունի միաժամանակ ՀՀ 8 բանկի հետ: Ի դեպ, տարբեր լրատվամիջոցներում պարբերաբար գնահատականներ են հնչում, որ Աֆանդյանը որոշել է իր բոլոր խնդիրները լուծել՝ բանկերին դատի տալու ու գումարներ ստանալու ճանապարհով։

Այդ «շարքում» IDBank-ի դեմ ներկայացված հայցն ամենամեծն է և աննախադեպ է անկախ Հայաստանի բանկային համակարգի պատմության մեջ։ Այստեղ երևի թե պետք է հիշեցնել որոշ մանրամասներ. Աֆանդյանը, գրավադրելով խնդրո առարկա համարվող՝ «Արզնի հանքային ջրերի գործարանի» գույքը և ստանալով 7 մլն դոլար վարկ, չի կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները, սակայն միջնորդավորված եղանակով հետ է ստացել իր գույքի 33,3%-ը։ Այժմ էլ իբր համաձայնագիրը խախտելու համար բանկից պահանջում է 22 մլն ԱՄՆ դոլար տուգանք, ինչն աննախադեպ է ոչ միայն Հայաստանի բանկային համակարգի պատմության համար, այլև միջազգային պրակտիկայում, քանի որ չի տեղավորվում առողջ տրամաբանության շրջանակում։ Ի դեպ, նշված համաձայնագիրն առաջին ատյանի դատարանի կողմից արդեն իսկ առոչինչ է որակվել։

Մյուս կողմից՝ ըստ լրատվամիջոցների հրապարակումների, Գ. ԱՖանդյանի հայրը, ում որդին ահռելի պարտքեր ունի տարբեր կազմակերպությունների, ոմն Կարապետ Ալեքսանյանին իբրև թե պարտք է 15 մլրդ ՀՀ դրամ։ Եվ որպես այդ 15 մլրդ դրամ պարտքի ապահովում՝ իբրև թե գրավադրել է բանկից «ստանալիք» 22 մլն դոլարը։ Այսինքն՝ Գ. Աֆանդյանը անգամ 22 մլն ստանալու դեպքում չի պատրաստվում մարել իր կողմից կուտակած պարտքերի գոնե մի մասը։ Անցած ժամանակահատվածում թե՛ իրավական հանրության ներկայացուցիչները, թե՛ ԶԼՄները հարց են բարձրացրել, թե ինչպես է պատահել, որ բազմաթիվ բանկերի պարտքեր ունեցող և իր գրեթե բոլոր ընկերությունների սնանկություններով հայտնի մարդու հորը 15 մլրդ դրամ պարտք տվել, իսկ որպես գրավ՝ գոյություն չունեցող գումարի մասին ընդամենը խոստում վերցրել։

Եվ վերջապես, լրատվամիջոցներում հատուկ շեշտադրվում է այն հանգամանքը, որ Գևորգ Աֆանդյանը, ունենալով տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր, հայտնի լինելով իր վերոնշյալ գործելաոճով, չխորշելով իր հարցազրույցներում սպառնալ բանկային համակարգին (խորհրդատվություն տրամադրելով, թե ինչպես կարելի է բանկերից գումար կորզել), ունենալով բազմաթիվ սնանկ ընկերություններ, մինչ օրս ջրից չոր է դուրս եկել, և նրա նկատմամբ որևէ քրեական գործ չի հարուցվել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում