Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. SHAMSHYAN.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ սեպտռեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 14:50-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային, ծոծրակային և ձախ այտի արճիճե գնդակներից վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 39-ամյա Արթուր Հ.-ն է: Վերջինս վնասվածքը ստացել է Արագածոտնի մարզում:

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ, պարզել են, որ Արթուր Հ.-ն վնասվածքը ստացել է Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի դաշտամիջյան հատվածում հարակից արտերում որս կատարող այլ որսորդի կողմից հրացանով կրակելու արդյունքում:

Այնուհետև ոստիկանության Մաշտոցի և Արագածի բաժինների ծառայողները՝ համատեղ իրականացնելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ վնասվածքը պատճառել է նրա ընկերը՝ Ապարան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արթուր Խ.-ն, ով որսի ժամանակ անզգուշությամբ կրակել է իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-63» տիպի, 16մմ տրամաչափի որսորդական հրացանով:

Փաստի առթիվ ոստիկանության Արագածի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավոր Արթուր Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Դուբայ Շոփ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն: