Մահը վրա է հասել սթրեսից. Խաշթառակ գյուղի ողբերգական պատահարի հետևանքները

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը՝ Անուշ Բադալյանը, երեկ գիշեր մահացել է։

Մահացած կնոջ սկեսուրը՝ Էմմա Հակոբջանյանը ասաց, որ մահվան պատճառը մկնդեղից թունավորման հետևանքով չի եղել. «Երբ իմացավ՝ երեխան մահացել է, կոմայի մեջ ընկավ: Այսինքն՝ մահը վրա է հասել սթրեսից»,- պատմեց մահացած կնոջ սկեսուրը։

Վերջինիս խոսքով՝ հոգեբուժարանից տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ՝ գիտակցության չգալով, մահացել է:

Հիշեցնենք, որ Տավուշի Խաշթառակ գյուղում 58-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել իր 4-ամյա և 6-ամյա թոռներին։ Օրեր անց 6-ամյա երեխան հիվանդանոցում մահացել էր։ Ընտանիքի մյուս 5 երեխաները տեղափոխվել էին «Մուրացան» հիվանդանոց։ Նրանց արյան մեջ մկնդեղ էր հայտնաբերվել: Երեխաների պապը տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ, որտեղ նրա արյան մեջ մկնդեղ են հայտնաբերել։