Թրամփը հրաժարվել է ստանձնել ԱՄՆ-ում կորոնավիրուսից բարձր մահացությունների համար պատասխանատվություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է ստանձնել ԱՄՆ-ում կորոնավիրուսից բարձր մահացությունների համար պատասխանատվություն և փոխարենը պնդել է, որ իր վարչակազմի գործողությունների բացակայության դեպքում հիվանդությունից «միլիոնավոր մարդիկ կմահանային»։ Նրա մեկնաբանությունները հրապարակվել են Սպիտակ տան պաշտոնական էջում։

«Կարծում եմ, եթե մենք չանեինք այն, ինչ արեցինք, միլիոնավոր մարդիկ կմահանային։ Մենք փակել ենք երկիրը, և դա արել ենք շատ արդյունավետորեն։ Մենք արեցինք մեր գործը, մենք այդ սարսափելի հիվանդության մասին իմացել ենք ամբողջ աշխարհի հետ միասին: Կարծում եմ՝ ցանկացած առումով մենք անհավանական աշխատանք ենք կատարել։ Մենք ընդհանրապես չպետք է կորցնեինք որևէ մեկին, բայց Չինաստանը տարածեց մի բան, որը չպետք է թույլ տար։ Այն դուրս եկավ Չինաստանից, հայտնվեց Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Դա չպետք է տեղի ունենար», - ասել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Թրամփը խոստովանել էր, որ ԱՄՆ իշխանությունները, տարվա սկզբին իմանալով նոր կորոնավիրուսի վտանգավորության մասին, ըստ էության, թաքցրել են դա՝ երկրում խուճապից, ինչպես նաև՝ անհատական պաշտպանության միջոցների և բժշկական այլ պարագաների գնաճից խուսափելու նպատակով։

«Վերջին բանը, որ պետք է ցույց տայինք, խուճապը, անհանգստությունն ու վախն էին: Մենք պետք է մտածեինք, թե ինչ իրավիճակում ենք հայտնվելու: Չէի ցանկանում բացականչելով ու ճչալով մոտեցող վտանգի մասին զգուշացնել: Մենք խուճապ տարածելու փոխարեն պետք է հանգստություն դրսևորեինք»,- բացատրել էր Թրամփը:

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորնավիրուսի 6 549 475 դեպք, որոնցից 195 239-ը՝ մահվան ելքով։