Նավալնին գիտակցության է եկել․ ԶԼՄ-ներ

Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին լիովին գիտակցության է եկել այն բանից հետո, երբ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները նրան հանել են արհեստական կոմայից։ Meduza պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են The Insider, Bellingcat և Der Spiegel պարբերականները։

Ըստ նշված լրատվամիջոցների՝ ընդդիմադիր գործչի վիճակը «ավելի լավ է, քան կարելի էր սպասել նման իրավիճակում»։

Ըստ The Insider-ի՝ Նավալնին նույնիսկ կարողացել է հիշել իր թունավորմանը նախորդող իրադարձությունները։ Բժիշկների կարծիքով, Նավալնին հոգեբանական առումով գրեթե լիովին վերականգնվել է, իսկ ֆիզիկական առումով նրան կհաջողվի վերականգնվել 90%-ով։

Բժիշկները համարում են, որ Նավալնին ողջ է մնացել միայն այն բանի շնորհիվ, որ օդաչուներն ինքնաթիռը շտապ իջեցրել են Օմսկում, նաև քանի որ դեռ օդանավակայանում նրան ատրոպին են ներարկել։

Բժիշկներն արդեն թույլ են տվել, որ Նավալնին այցելուների ընդունի. մինչ այդ նրա մոտ թողնում էին միայն բժիշկներին և կնոջը։ Սակայն քաղաքական գործչի հետ հանդիպելու համար հարկավոր է անցնել անվտանգության երեք պահակակետ։

«Շարիտե» հիվանդանոցի անվտանգությունն ուժեղացվել է այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ Նավալնին ամեն ինչ հիշում է, քանի որ դա նրա վիճակն ավելի վտանգավոր է դարձնում։ The Insider-ը գրում է, որ գերմանական հատուկ ծառայությունները պատրաստվում են Նավալնիի նկատմամբ ոչ միայն ֆիզիկական սպառնալիքների, այլև «ապատեղեկատվական գրոհի», այդ թվում՝ «Շարիտե» հիվանդանոցը վարկաբեկելու փորձերի։

Գերմանական Die Zeit պարբերականը գրել էր, որ Նավալնիին կարող էին թունավորել միայն ռուսական հատուկ ծառայությունները։