ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս կոչ է անում զինծառայողների ծնողներին

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ, չնայած հանրապետության տարածքում իրականացվող հակահամաճարակային միջոցառումների որոշ մեղմացումներին, ՀՀ Զինված ուժերում կորոնավիրուսային վարակի ներթափանցման և կանխարգելման, ինչպես նաև անձնակազմի մարտունակությունը բարձր պահելու նպատակով, դեռևս կշարունակվեն կանխարգելիչ միջոցառումները և կգործեն որոշակի սահմանափակումներ:
Զինված ուժերում կիրառվող սահմանափակումները միտված են անձնակազմի մարտունակության պահպանմանը: Կիրառվող սահմանափակումների շնորհիվ զինված ուժերում այս պահի դրությամբ համաճարակային իրավիճակը կառավարելի է:

Կշարունակվեն կիրառվել հետևյալ սահմանափակումները.

– արգելվում են պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, տեսակցությունները,

– խստիվ արգելվում են տեսակցության նպատակով այցելությունները զինվորական կառույցներ, մշտական տեղակայման վայրեր, այդ թվում՝ այցելությունները հոսպիտալներում բուժման մեջ գտնվող զինծառայողներին,

– պայմանագրային զինծառայողներին հանձնարարված է սահմանափակել և հնարավորինս բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ, չմասնակցել զանգվածային միջոցառումների (խնջույքներ, տոնակատարություններ, թաղման արարողություններ և այլն):

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս կոչ է անում զինծառայողների ծնողներին և հարազատներին դադարեցնել տեսակցության նպատակով այցելությունները զորամասեր և հոսպիտալներ, հնարավորինս բացառել շփումները զինծառայողների հետ:

Հիվանդության գաղտնի շրջանում գտնվող անձը տեսակցությունների և շփումների հետևանքով վարակն անգիտակցաբար կարող է փոխանցել զինծառայողներին, ինչը պատճառ կհանդիսանա զինված ուժերում վարակի տարածմանը, հետևաբար, ստորաբաժանման մարտունակության անկմանը: