2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը աճել է 256%

Շարունակելով տնտեսական բարդությունների ֆոնին տնտեսական լավ լուրերի թեման՝ արձանագրենք, որ 2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի եւ այծի արտահանումը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս աճը ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի եւ մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին:
Շարունակում եմ պնդել, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաեւ աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե իհարկե մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու եւ կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն:
Մենք ամեն կերպ քաջալերելու ենք, որ դա իրականում տեղի ունենա»,-նշված է գրառման մեջ: