ԱՄՆ բնակիչները տարօրինակ առաքանիներ են ստանում «Չինաստանից»

Ամերիկյան իշխանությունները բազմաթիվ տեղային ու դաշնային քննություններ են սկսել՝ հասկանալու համար այն վտանգները, որ գալիս են առաքումների հետ։ Բանն այն է, որ գրեթե բոլոր նահանգներում եղել են ահազանգեր, որ մարդիկ խորհրդավոր սերմեր են ստանում որպես առաքում, թեև այդպիսի պատվերներ չեն տվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Առաքանիների վրա հակադարձ հասցեն նշված է լինում Չինաստանը, սակայն հազվադեպ լինում են նաև Ուզբեկստանի հիշատակումներ։ Ու թեև փաթեթների վրա գրված է լինում, որ դրա մեջ զարդեր կամ խաղալիքներ են, բայց արդյունքը միշտ լինում են սերմերը, որոնց ծագումն անհայտ է։

Այս անորոշությունն ԱՄՆ իշխանություններին ստիպել է բնակչությանը կոչ անել, որ այդ սերմերը չաճեցնեն։ Հնարավոր է համարվում, որ դրանցում լինեն բույսերի հիվանդություններ կամ մոլախոտային բուսատեսակներ, որոնք կարող են մեծ վնաս հասցնել ամերիկյան գյուղատնտեսական հողերին։

Սերմերի իսկական ծագումը պարզելու համար նահանգային ու դաշնային իշխանությունները քննություններ են վարում։ Չինաստանից այս առաքումների մասին հայտնել են, որ իրենք նույնպես պատրաստ են քննություն սկսել, եթե ամերիկացիները իրենց նմուշներ տան այդ առաքանիներից։ Նրանք պատրաստ են նաև համատեղ հետաքննություն վարել։

Բայց հավանականություն կա, որ այս վտանգների մասին խոսակցությունն անտեղի է։ Բանն այն է, որ նման մեթոդի կարող էին դիմել նաև առանձին կազմակերպություններ, որոնք զբաղվում են առցանց առևտրով։ Առաքումների ճշգրտությունը և թեկուզ կեղծ, բայց բարձր գնահատականները կարող են բարձրացնել նրանց վարկանիշներն օնլայն խանութներում, ինչպիսին է Amazon-ը։