Արուս Տիգրանյանը իր նոր հումանիտար հաղորդման մասին

Life.Tert.am-ը գրում է.

Երկրորդ նախագիծն «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի սեպտեմբերից, այն Արուսի հեղինակային հաղորդումն է։

«Ինձ շատ էին մեղադրում, որ մարդկանց նեղ դրության մեջ եմ դնում, այս հաղորդումը լրիվ հակառակն է լինելու, այն հումանիստական է, մարդասիրական: Որոշ ժամանակ առաջ իմ էջում հայտարարություն տեղադրեցի և խնդրեցի, որ մարդիկ ինձ ուղարկեն իրենց երազանքները: Նրանք գրեցին և գրելու են ինձ իրենց ցանկությունները, երազանքները, նպատակները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում իրագործել, ես դրանք իրականություն եմ դարձնելու,-ասաց նա և պարզաբանեց, որ իր թիմի հետ ներդնելու է բոլոր ռեսուրսները բացառությամբ մեկի` ֆինանսականի։ -Չի լինելու այնպես, որ մեկը գումար ցանկանա, մենք տրամադրենք: Լինելու է, օրինակ, մասնագիտական աճի խթանում, բնակարանի վերանորոգում, սիրելի երգչի հետ հանդիպում: Ձևաչափը լինելու է հումորային-ժամանցային-սոցիալական: Փորձնական նկարահանումներ արել ենք, բայց հիմնական նկարահանումները կսկսվեն օգոստոսի 10-ից»:

Հարցին, թե ի՞նչ սկզբունքով են ընտրելու հաղորդման հերոսներին, Արուսը պատասխանեց. «Իրականում հարյուրավոր նամակներ եմ ստացել: Չենք դիտարկել այն նամակները, որոնք հեռուստատեսային չեն, կապված են գումարի հետ: Շատերն են գրում, որ ցանկանում են հայտնի դառնալ, ինչը մի փոքր անհասկանալի երազանք է. չենք կարող բոլորին հայտնի դարձնել: Պետք է տարբեր երազանքներ ընտրենք, որ հաղորդումների սյուժեները տարբերվեն»:

Արուսից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ նախորդ եթերաշրջանում հանդես չեկավ որպես լրագրող. «Չեմ դադարել լրագրող լինել, ուղղակի մի ընթացք եթերում որպես լրագրող չեմ երևացել: Նախորդ եթերաշրջանում տարբեր նախագծեր էինք նախատեսում իրագործել, որոնք կապված էին հանդիսատես ունենալու, ճամփորդության հետ: Համաճարակային իրավիճակի հետ կապված այդ նախագծերն իրագործել չստացվեց, գուցե հետագայում իրագործենք: Սովորեցինք ապրել այս համաճարակի հետ և անում ենք այնպիսի նախագծեր, որոնք թույլ է տալիս իրավիճակը»:

Զրույցի վերջում նա ասաց` չի բացառում, որ հետագայում կրկին կներկայանա սիթքոմներում, բայց հիմա կենտրոնացել է իր մասնագիտական գործունեության վրա: